Encyclopedia

Արամ Խաչատրյան

Աշխարհահռչակ հայ կոմպոզիտոր, դիրիժոր, մանկավարժ Արամ Խաչատրյանը (1903թ. հունիսի 6 - 1978թ. մայիսի 1) XX դարի խոշորագույն կոմպոզիտորներից մեկն է: Նա մեծ ազդեցություն է թողել հայ երաժշտության զարգացման վրա, համաշխարհային ասպարեզ դուրս բերել հայ ազգային երաժշտարվեստը:

Արամ Խաչատրյանի երաժշտական ունակությունները բացահայտվել են վաղ տարիքից: 1929թ. ավարտել է Մոսկվայի Գնեսինների անվան երաժշտական ուսումնարանի թավջութակի և ստեղծագործական, 1934թ.՝ կոնսերվատորիայի ստեղծագործական բաժինները, 1934-1936թթ.՝ կատարելագործվել ասպիրանտուրայում:

 

1950թ. դասավանդել է Մոսկվայի կոնսերվատորիայում և Գնեսինների անվան երաժշտական մանկավարժական ինստիտուտում (այժմ`   Ռուսաստանի երաժշտական ակադեմիա): 1957թ. ԽՍՀՄ կոմպոզիտորների միության քարտուղարն է եղել (1939-1948թթ.-ին՝ կազմկոմիտեի նախագահի տեղակալը):

 

Դեռևս ուսման տարիներին մշակել է հայկական, ռուսական, հունգարական և այլ ազգերի ժողովրդական երգեր, գրել դաշնամուրի, ջութակի և կլառնետի տրիո, դաշնամուրի «Տոկկատ» ու «Պոեմ», «Պարային սյուիտ»`   սիմֆոնիկ նվագախմբի, և «Պար»`   ջութակի ու դաշնամուրի համար ու այլ գործեր:
 
Մոսկվայի հայ մշակույթի տանը հանդիպել է Ալեքսանդր Սպենդիարյանի, Մարտիրոս Սարյանի, Շարա Տալյանի և հայ անվանի այլ արվեստագետների հետ: Երաժշտություն է գրել հայկական դրամատիկական ստուդիայում Ռուբեն Սիմոնովի բեմադրած 3 ներկայացման (Հակոբ Պարոնյանի «Պաղտասար աղբար», «Ատամնաբույժն արևելյան», Գաբրիել Սունդուկյանի «Խաթաբալա») համար:
 
Առաջին սիմֆոնիայով սկզբնավորվել է Խաչատրյանի արվեստի հասունության, տաղանդի ծաղկման շրջանը: Սիմֆոնիան, որը նվիրված է Հայաստանին, էպիկական ասք է նրա հնագույն մշակույթի, ժողովրդի կյանքի և բնաշխարհի մասին: 
 
Խաչատրյանի 1930-ական թվականների ստեղծագործությունները նշանավորել են հայկական երաժշտարվեստի պատմական զարգացման նոր շրջանը: Նրա ստեղծագործական ոճը ձևավորվել է համաշխարհային երաժշտարվեստի փորձի հիման վրա և բխում է հայ երաժշտական մշակույթից: 
 
Խաչատրյանը հայ երաժշտությունը հարստացրել է նոր կերպարներով ու ձևերով, ընդլայնել ժանրային շրջանակները: Բացի 3 սիմֆոնիայից, գրել է գործիքային կոնցերտներ, սոնատներ, Թավջութակի և Դաշնամուրի կոնցերտ-ռապսոդիաները, «Յոթ ֆուգա և ռեչիտատիվ» պոլիֆոնիկ շարքը և այլն:
 
Խաչատրյանն ազգային առաջին բալետի՝ «Երջանկության» (1939թ.), ՀԽՍՀ օրհներգի հեղինակն է, հայկական կինոերաժշտության հիմնադիրը: Նրա հանրաճանաչ գործերից են «Գայանե» և «Սպարտակ» (բեմադրվել է բազմաթիվ երկրների բալետի թատրոններում, Երևանում  2009թ.-ին, բեմադրության բալետմայստեր՝ Յուրի Գրիգորովիչ) բալետները: 
 
1950թ.-ից որպես դիրիժոր հեղինակային համերգներով շրջագայել է բազմաթիվ երկրներում: Երևանում Խաչատրյանի անունով են կոչվել Հայֆիլհարմոնիայի մեծ դահլիճը, որի առջև տեղադրված է նրա արձանը, երաժշտական դպրոց և փողոց:
 
1984թ. Երևանում բացվել է Խաչատրյանի թանգարանը, 1993թ. տեղի է ունեցել «Արամ Խաչատրյան-93» սիմֆոնիկ երաժշտության փառատոնը, 2003թ.-ից կազմակերպվում է երաժիշտ-կատարողների`   Արամ Խաչատրյանի անվան ամենամյա միջազգային մրցույթ:
 
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.